ՀՀԿ-ի երկրորդ տնտեսական համաժողովի ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը ասել է, որ համաշխարհային ճգնաժամի արդյունքում երևան են եկել Եվրամիության ուժեղ և թույլ կողմերը, Հայաստանն այդ շրջնում ուսումնասիրել է Մաքսային միության երկրների տնտեսությունը և արդյունքում որոշում կայացրել հօգուտ Ռուսաստանի նախաձեռնած դաշինքի։ Պաշտոնական Երևանը շարունակում է պնդել, որ այս քայլը անակնկալ չի եղել, և Եվրամիության հետ տարիներ շարունակվող բանակցություններից մեկ օրում շեղվելու մասին եվրոպացի գործընկերներին ժամանակին զգուշացրել էին։
«Արևելյան գործընկերության նախաձեռնության հենց սկզբից, անգամ դրանից առաջ, մենք ասել ենք և շարունակում ենք ասել, որ ձգտում ենք հնարավորինս սերտ և ընդլայնված հարաբերություններ ունենալ Եվրամիության հետ: Այս քաղաքականությունը չի ընդհատվելու: Հայտնի է, որ Հայաստանը սերտ դաշնակցային հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ», - ասել է վարչապետը՝ շարունակելով․ - «Հայաստանը չի կառուցել նոր հարաբերություններ ի հաշիվ իր ռազմավարական դաշնակցի հետ հարաբերությունների, ճիշտ այնպես, ինչպես մենք մերժում ենք որևէ գործընկերոջ հետ հարաբերությունների կառուցում, որոնք միտված կլինեն որևէ այլ գործընկերոջ դեմ»:
Մտահոգությունը, որ Մաքսային միությանը անդամակցելով Հայաստանը կորցնելու է ինքնիշխանության մի մասը, ճիշտ չէ, քանի որ միության շրջանակներում որոշում կայացնելիս Հայաստանը, օրինակ, Ռուսաստանին հավասար ձայնի հնարավորություն է ստանալու։